National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.01.2023
Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գեւորգյան
1 / 1

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով:

«Պարո՛ն նախագահ,

Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն:

Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով.

1. 120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը եւ մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության:

2. Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռեւս ժխտվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը եւ որեւէ ու երբեւէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետեւաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար:

3. Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության եւ խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի եւ ոտնահարումների միջեւ ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը:

Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի եւ ինքնության պահպանման ու զարգացման համար, այլեւ այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական եւ ժողովրդագրական չափերին եւ շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- նշվել է պատգամավորի ելույթում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am